Բերդավանում մեզ ասացին, որ ով առաջին անգամ է ոտք դնում գյուղ, ուրեմն իր այցը պիտի սկսի Ղալինջաքար ամրոցից։ Գյուղի ամենանշանավոր ու խորհրդանշական բերդն է Ղալինջաքարը, թվագրվում է 12-րդ դար։
Բերդի անվան ստուգաբանությունը բացահայտվում է Տավուշի բնակչության բարբառում այժմ էլ կիրառական «ղալին» բազմիմաստ բառի հետ: Այն ունի խիտ, շատ, հաստ, հորդ, վարար իմաստները:
Առաջին երեքը լիովին համահունչ են բերդի անվանը՝ շատ քարերով, խիտ շարվածքով և հաստ պատերով ամրոց: Ամրոցը կարևոր դեր է խաղացել ոչ միայն գյուղի, այլև տարածաշրջանի բնակչության պաշտպանության գործում:
Քնաթաթախ վեր ենք կենում առավոտ շուտ, առույգանալու համար ասում ենք, որ Բերդավանում ենք արթնացել ու էդպես գնում ենք դպրոց, որտեղ մեր ընկերներն են․ էլ ի՞նչ ա պետք լավ օր ունենալու համար
Ալյոնա Ղազարյանի փոքրիկ եղբայրն արդեն 3 անգամ լսել է պատերազմական գործողությունների մասին, տեսել դրա հետևանքները։ Նա 10 տարեկան է։
Խոսելով սահմանին մոտ գտնվելու մասին, երիտասարդներն ասում են․
«Մենք միշտ զգոն ենք, իրազեկ, պատրաստ»:
Այսպես բնութագրելով իրենց, սահմանապահ երիտասարդները շարունակում են կիսվել իրենց մտահոգություններով։ Նրանք արդեն հստակ որոշել են՝ ով ինչ մասնագետ է դառնալու, թեպետ տխուր են, որ երազանքի մասնագիտության ճանապարհով գնալու համար պիտի լքեն իրենց հայրենի ճանապարհը՝ իրենց Բերդավանը։
Գյուղի մասին երիտասարդների զրույցներում արդեն հատուկ իր տեղն ունի Բերդավան-Կողբ գյուղերի «հակամարտությունը», որը նրանց կարծիքով սիրո, ընկերասիրության ու համերաշխության արգասիքն է։
Գեղագիտական կենտրոնում մեզ հանդիպում է նաև գյուղի վաստակաշատ մանկավարժ Սամսոն Խոջոյանը, ով իր ողջ կյանքի ընթացքում միայն 5 տարի է բացակայել Բերդավանից՝ լոկ կրթություն ստանալու համար։
«Գյուղի ձգողականությունը շատ-շա՛տ ուժեղ է ու ես էլ պիտի գյուղում ապրեմ՝ կիսելով այն ճակատագիրը, որը բաժին է հասել Բերդավանին», - ասում է Սամսոն Խոջոյանը։
Իրեն «ակտիվ թոշակառու» է համարում, որովհետև, չնայած, որ 75 տարեկան է, շարունակում է իրականացնել նախագծեր` երիտասարդների, մեծերի ու փոքրերի համար։
Վերջին նախագիծը նվիրված էր կանանց տոնին։
«Բերդավանցիները հյուրասեր ու աշխատասեր են, նաև՝ կռվող, իրենց հողը պաշտպանող ժողովուրդ․ վերջին խոսքս վկայությունն է էն բազում մարտերի, որոնք դարերի ընթացքում են տեղի ունեցել։ Անկախության հռչակումից հետո մի ալիք սկսեց՝ մարդկանց սովորեցրին սպասել օգնության, ու այդ պատճառով մեր ժողովուրդը դանդաղ կերպով, բայց կորցրեց իր նախաձեռնողականությունը», - կիսվում է մանկավարժն ու շարունակում խոսել սահմանային- անվտանգային այն խնդիրներից, որոնք առնչվում են հենց Բերդավանին։
Հեղինակ` Էռնեստ Խանումյան